Այս տարվա մայիսին, նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ լեզվակռվի մեջ մտած բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանին ազատել են աշխատանքից։ Այս մասին հայտնի դարձավ նրա դստրի՝ փաստաբան Տաթևիկ Սողոյանի հրապարակումից։
Ըստ դստրի տեղեկությունների՝ 21 տարի Երևանի պոլիկլինիկաներից մեկում անբասիր աշխատանք կատարող Արփինե Սողոյանին աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման պատճառով։ Պոլիկլինիկայի ղեկավարությունը որոշումը բացատրել է միջոցների բացակայությամբ։
«Այսինքն՝ այսուհետ պոլիկլինիկան կունենա կանանց կոնսուլտացիայի բաժին, բայց չի ունենա բաժնի ղեկավար։ Մի ամբողջ վարչական շրջանի հազարավոր կանայք, ներառյալ՝ ապագա մայրիկները, կմնան առանց բաժնի բազմափորձ ղեկավարի վերահսկողության»,- նշել է Տաթևիկ Սողոյանը՝ ավելացնելով, որ պաշտոնական բացատրությունը՝ «բա գումար չունենք», ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։
Նա նաև նշել է, որ իր մոր աշխատանքից ազատումը համարում է «հաստիքի կրճատման հիմքով աշխատանքից ազատումը մայրիկիս բարեխիղճ աշխատանքի լավագույն ցուցիչն է, և մեր ազատ խոսքը պաշտպանող «ժողովրդավարության բաստիոնի» հերթական վառ ապացույցը»։
Հիշեցնենք, որ վարչապետի հետ վիճաբանությունը տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Արփինե Սողոյանը, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող Հրանտ Պապիկյանի քույրն է, հայտարարել էր, որ հենց վարչապետն է «կործանել երկիրը» և հանդիսանում է «ժողովրդի թշնամին»։ Փորձելով հեռանալ, նա բախվել էր վարչապետի հետ, որը փորձել էր շարունակել զրույցը։
Ավելի ուշ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ բժշկին չեն կարող հեռացնել քաղաքական դրդապատճառներով, առավել ևս, որ խոսքը պատերազմի ժամանակ եղբորը կորցրած կնոջ մասին է։ Նրա խոսքով՝ իշխանությունները պատասխան են տալու նրանց, ովքեր վիրավորում են իրենց, սակայն դա չի նշանակում, որ մարդը կարող է ազատվել աշխատանքից։