Հայաստանի կառավարությունը պլանավորում է օրենսդրական փոփոխություն կատարել, որի արդյունքում արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը կսահմանափակվի։
Ըստ նախատեսված փոփոխությունների՝ ընտրական գործընթացներին մասնակցելու իրավունք կունենան միայն այն քաղաքացիները, որոնք վերջին վեց ամիսների ընթացքում բնակվել են Հայաստանում։ Այս մասին իր հանրային էջում հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Նրա խոսքով՝ այս քայլը հակասում է Եվրոպական Միության երկրների և ԵԱՏՄ-ի անդամ պետությունների օրենսդրական պրակտիկային։ Առաքելյանը նշել է, որ ԵՄ 27 երկրներից 25-ում արտերկրում գտնվող քաղաքացիները նույնիսկ իրենց բնակության երկրից քվեարկելու իրավունք ունեն։ Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ի մյուս բոլոր երկրների քաղաքացիները նույնպես կարող են քվեարկել արտերկրից։
Առաքելյանը նշել է, որ Հայաստանում մինչև 2003 թվականը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները նույնիսկ մասնակցում էին ընտրություններին, և այդ հնարավորությունը վերացվել է նախկին իշխանությունների կողմից։
Հարկ է նշել, որ խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությունները հրապարակել էին տեղեկություն, թե Ռուսաստանը իբրև 100 հազար ռուսաստանաբնակ հայ է ուղարկել Հայաստան՝ ընտրական գործընթացներին մասնակցելու և ընդդիմադիր թեկնածուներին սատարելու նպատակով։ Այս պնդմանը որևէ իրական ապացույց չի ներկայացվել։ Իրավիճակը հետաքրքրական դարձավ նրանով, որ լրատվամիջոցների հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ այդ ժամանակահատվածում Հայաստանում գտնվող ռուսաստանաբնակ հայերի մեծամասնությունը ձայներն իրենց տվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխող կուսակցությանը։