Հայաստանի կրիտիկական հանքանյութերի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրությունը, որը վերջերս դարձել է ակտիվ քննարկման առարկա, կարող է շուտով ընդլայնվել՝ ներառելով նաև թերթաքարային պաշարները, որոնց մասին շատերն արդեն մոռացել են։ Այս հնարավոր զարգացման մասին խոսում է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ նշելով, որ ամերիկյան հետաքրքրությունը դեպի Հայաստանի ռեսուրսները ունի բավական երկար պատմություն։
Այս հետաքրքրությունը սկսվել է դեռևս 1990-ականների սկզբին։ 1995 թվականին, «Էներգետիկա» նպատակային ծրագրի շրջանակներում, Հայաստանի կառավարությունը որոշում էր կայացրել իրականացնել երկրաբանական-հետախուզական աշխատանքներ՝ խորհրդային տարիներին հայտնաբերված այրվող թերթաքարերի, նավթի, գազի և ածխի պաշարների արդյունաբերական ներուժը գնահատելու և յուրացնելու նպատակով։ Սակայն ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով նախաձեռնությունը մնաց կիսատ։
Այնուամենայնիվ, հետաքրքրությունը չի մարել։ 2011 թվականին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և Մեն կղզում գրանցված International Minerals & Mines Ltd ընկերությունը ստորագրեցին հուշագիր, որի հիմնական նպատակը Հայաստանում թերթաքարային պաշարների հետախուզման և մշակման հնարավոր ուղիների ուսումնասիրությունն էր։ Համաձայնագիրը նախատեսում էր էներգետիկ ռեսուրսների համատեղ գնահատում և տեխնիկական ուսումնասիրություն, ներառյալ թերթաքարային գազի հնարավոր պաշարները։
Ամերիկյան կողմի երկրաբանական հետազոտությունները Հայաստանում սկսվել էին դեռևս հուշագրի ստորագրումից շատ առաջ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության ուսումնասիրությունների համաձայն՝ Արամուսի շրջանում առկա է շուրջ 44 մլն տոննա այրվող թերթաքարի պաշար։ Այս եզրակացությունը ձեռք է բերվել 1994 թվականին իրականացված հետազոտությունների արդյունքում։
Ավելի ուշ, 2005 թվականի զեկույցում, ամերիկյան կողմն արդեն ներկայացրել էր ավելի բարձր գնահատականներ՝ նշելով Իջևանում, Շամուտում և Ջերմանիսում 17-18 մլն տոննա, իսկ Դիլիջանի շրջանում՝ շուրջ 128 մլն տոննա թերթաքարային պաշարների առկայությունը։
Այսօր, ԱՄՆ-ի կողմից Հայաստանում իրականացվող աճող գեոտնտեսական ակտիվության պայմաններում, հնարավոր է, որ ամերիկյան հետաքրքրությունը աստիճանաբար ընդլայնվի՝ ընդգրկելով ոչ միայն կրիտիկական հանքանյութերը, այլև Հայաստանի ռազմավարական ռեսուրսների ամբողջ համալիրը։ Այս գործընթացը, որը դիտարկվում է որպես ռեսուրսային գաղութացման նոր բնույթ, կարող է ունենալ կարևոր հետևանքներ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար։