Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը ընդունել է «Փրկենք Հայաստանը» կազմակերպության պատվիրակությանը

Posted on June 18, 2026

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Նորին Սրբությունը՝ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդունել է «Փրկենք Հայաստանը» («Save Armenia») կազմակերպության պատվիրակությանը, որի գլխավորությամբ էր գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյը։

Ընդունելության ընթացքում Նորին Սրբությունը խորը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ մարդու իրավունքների պաշտպանության, կրոնական ազատության խթանման և ժողովուրդների միջև երկխոսության զարգացմանն ուղղված նրանց նախաձեռնությունների համար։ Հայոց Հայրապետը բարձր է գնահատել կազմակերպության ջանքերը՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող հարցերի բարձրաձայնմանը և դրանց պատշաճ ներկայացմանը միջազգային հարթակներում, հատկապես մեր երկրի համար այս դժվարին ժամանակներում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք հրատապ հարցերի։ Վեհափառ Հայրապետը խոսել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակի մասին, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին։ Նա նաև հստակորեն ընդգծել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման և Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման հարցի կարևորությունը։

Հայոց Հայրապետը նաև անդրադարձել է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր, կրթական և ազգապահպան առաքելությանը՝ նշելով, որ Եկեղեցին իր ծառայությունն է իրականացնում հայության հոգևոր կյանքի զորացման, ազգային միասնության ամրապնդման և հասարակական կյանքում հոգևոր ու բարոյական արժեքների հաստատման գործում։

Դոկտոր Փոլ Մյուրեյը, իր հերթին, ներկայացրել է պատվիրակության այցի նպատակը և վերահաստատել կազմակերպության պատրաստակամությունը՝ սատարելու Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին, ինչպես նաև ամեն կերպ նպաստելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացներին՝ ընդգծելով, որ հարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության, ժողովուրդների իրավունքների հարգման և արժանապատիվ համակեցության սկզբունքների վրա։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme