Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան

Posted on June 19, 2026

Հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։

Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում կորոշի դիմումի ընդունելիության հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Սահմանադրական դատարանի կողմից։

Եթե դիմումը վարույթ ընդունվի, նշանակվելու է զեկուցող դատավոր, որը կնախապատրաստի գործը դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով։ Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ավելի, քան 15 օր հետո։

Ավելի վաղ, այսօր, հաղորդվել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը, հիմք ընդունելով իշխանությունների կողմից կազմակերպված ընտրական գործընթացի զանգվածային և կազմակերպված խախտումները, պահանջում է չեղյալ համարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի “Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների մասին” որոշումը և անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme