Հուլիսի 13-ին իմ հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի նպատակն ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակի դիտարկումն էր։ Այս համատեքստում ազատությունից զրկված անձանց հետ անցկացվել են առանձնազրույցներ՝ նրանց կողմից բարձրացված հարցերի և դիտարկված խնդիրների մասին տեղեկություն ստանալու նպատակով։
Այս հանդիպումներից մեկն ունեցել է ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված հարցերը և դիտարկված խնդիրները քննարկվել են նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մշտապես իմ ուշադրության կենտրոնում են։ Այս այցի ընթացքում հավաքագրված տեղեկությունները և հանգամանքները կամփոփվեն և կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։
Հիշեցնեմ, որ ըստ Քննչական կոմիտեի՝ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ կասկածանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հրապարակման համար։ Քննչական գործողություններն իրականացվում են լրտեսության և պետական դավաճանության վերաբերյալ քրեական գործի շրջանակներում, որով ավելի վաղ կալանավորվել էր «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Մանուկյանը կասկածվում է Թևանյանին ՀՀ զինված ուժերի վերաբերյալ գաղտնի տվյալներ փոխանցելու մեջ։ Հուլիսի 9-ին դատարանը երկամսանոց կալանավորում է սահմանել Մանուկյանի նկատմամբ՝ ամբողջությամբ սահմանափակելով նրա հետ տեսակցությունները, որոնք թույլատրվում են միայն փաստաբանին։