Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

ՄԱԿ-ում Հայաստանը խաղաղաշինությանը կանխարգելիչ մեխանիզմների ինտեգրումն առաջ մղելու նախաձեռնություններ է ներկայացրել

Posted on June 23, 2026

ՄԱԿ-ի խաղաղաշինության շաբաթվա շրջանակում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ջիբութիի մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի (OSAPG) հետ համատեղ կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված «Գործընկերություն՝ խաղաղաշինությանը կանխարգելիչ մեխանիզմների ինտեգրման համար. քաղաքականությունից դեպի պրակտիկա» թեմային։

Միջոցառման ընթացքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի կողմից հակամարտությունների կանխարգելման վրա հիմնված մոտեցման առաջմղման հանձնառությունը՝ որպես խաղաղության պահպանման առանցքային տարր։ Նա ընդգծել է, որ այս մոտեցումը հիմնված է կայուն ազգային ինստիտուտների ամրապնդման, ներառական համագործակցության և վաղ կանխարգելման մեխանիզմների ժամանակին գործնական գործողությունների տեղափոխման վրա։

Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ-ի շրջանակներում կանխարգելիչ օրակարգի առաջմղմանն ուղղված Հայաստանի նախաձեռնությունները։ Այդ նախաձեռնությունների շարքում առանձնացվել է երկրի ակտիվ ներդրումը ցեղասպանության կանխարգելման ոլորտում, ինչպես նաև վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը։

Խոսելով Հայաստանի փորձի մասին՝ որը վերաբերում է փախստականների հոսքերին արձագանքելուն, Պարույր Հովհաննիսյանը կարևորել է կայունության ամրապնդման համար կառավարության, ՄԱԿ-ի հաստատությունների և զարգացման գծով գործընկերների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme