ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար համաձայնություն տալու միջնորդությամբ։
Այս գործընթացը նախագահի նկատմամբ իրականացվում է ինքնիշխանության հաստատումից ի վեր առաջին անգամ։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին իշխանությունները արգելել են Ռոբերտ Քոչարյանին լքել երկիրը։ Քոչարյանի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ քաղաքական գործիչը մտադիր է անձնական հարցերով երեք օր բացակայել երկրից։
Այնուամենայնիվ, իշխանամետ լրատվամիջոցներն ու շրջանակները բաց չէին թողել թեմայի շահարկման հնարավորությունը՝ հրապարակելով «երկրորդ նախագահի փախուստի» մասին վերնագրերով նյութեր, նույնիսկ այն պայմաններում, երբ ուղևորության մասին նախապես հայտարարվել էր։
Ուշագրավ է, որ Ռոբերտ Քոչարյանի ՝ Հայաստանից դուրս գալու մասին առաջին տեսաուղերձը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը։ Ընդ որում, մինչ օրս ԱԱԾ-ում պարզաբանում չեն տվել, թե ինչպես են փակ զննության տարածքից կադրերը հայտնվել Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի տրամադրության տակ։
Բացի այդ, իրավապահ մարմինները մինչ օրս բացատրություն չեն տվել, թե ինչի հիման վրա է Ռոբերտ Քոչարյանին արգելվել երկրի մեկնումը։
Ավելի վաղ երկրից դուրս գալ չէին կարողացել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։