Հայաստանում ընթացող իրադարձությունների համատեքստում, երբ պետական լծակների կիրառմամբ փորձ է արվում վերատեսության ենթարկել Հայոց Եկեղեցու դարավոր կարգն ու կանոնը, հրաժարական պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Եկեղեցին ենթարկեցնել քաղաքական իշխանությանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վճռականորեն հայտարարում է, որ իր ինքնակառավարումը, կանոնական կարգը և ներքին կյանքը ենթակա չեն որևէ քաղաքական ուժի կամ պետական մարմնի թելադրանքի։
Այս հակաօրինական և հակասահմանադրական արշավը, որը մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցած քահանայից ամենամյա ժողովի արդյունքում ընդունվեց, ուղղակիորեն վտանգում է մեր համազգային համերաշխությունն ու հասարակական կայունությունը, ինչպես նաև լրջորեն հարվածում է հայոց պետականության հիմքերին։
Մենք խիստ դատապարտում ենք կարգալույծ հռչակված անձանց կողմից պետական հովանավորչությամբ իրականացվող հականոնական և սրբապիղծ գործողությունները, որոնք ներառում են վանքերի ու եկեղեցիների, եկեղեցական կառույցների և միջոցների բռնազավթումն ու ապօրինի գործածումը։ Սա ոչ միայն կանոնական կարգի կոպիտ խախտում է, այլև միտումնավոր փորձ՝ ներսից խարխլելու եկեղեցական միաբանությունը։
Ցավով ենք արձանագրում, որ որոշ քահանա հայրեր ներգրավվում են այս պառակտիչ գործընթացներում՝ դառնալով հակաեկեղեցական ձեռնարկների կամա թե ակամա գործակիցներ։ Նման ընթացքը խորթ է քահանայական ուխտին և չունի հոգևոր, բարոյական, կանոնական, այլև մարդկային որևէ արդարացում։ Մեր եղբայրներին ուղղում ենք կոչ՝ վերատեսության ենթարկելու իրենց խոտորյալ ընթացքը և բացառել կանոնազանց գործողությունները։
Մենք գոհություն ենք հայտնում Աստծուն, որ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը հաստատակամ է իր հավատարմության մեջ առ Սուրբ Էջմիածինը և վճռական՝ պաշտպանելու Հայոց Եկեղեցու իրավունքներն ու արժանապատվությունը։ Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ինքնիշխանությունը, ոտնահարելու եկեղեցական կարգը կամ նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բախվելու է համայն հավատավոր ժողովրդի և ուխտապահ ողջ եկեղեցականության հաստատուն ու անսասան դիմադրությանը։
Հայաստանում առաջիկա ընտրությունների և քաղաքական իրադարձությունների համատեքստում կոչ ենք ուղղում մեր հավատավոր ժողովրդին՝ դրսևորել պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ ապօրինությունից, ատելության խոսքից ու ապատեղեկատվության տարածումից և նպաստել հասարակական համերաշխության կայացմանը։
Հավատարիմ լինելով մեր ուխտին և մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ որդիական մեր անվերապահ զորակցությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փորձության այս օրերին հայրապետական իմաստությամբ, հոգևոր արիությամբ և խաղաղ հաստատակամությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին առաջնորդելու համար։
Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերն Իր ամենախնամ Աջը տարածի մեր ժողովրդի, մեր Հայրենիքի և Սուրբ Եկեղեցու վրա՝ պահելով Հայաստանը խաղաղ, Հայոց Եկեղեցին՝ անսասան, և մեր հավատքը՝ անխախտ։