Այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է որոշում, որի նպատակն է ապահովել պետական խորհրդանիշի՝ Հայաստանի Հանրապետության օրհներգի պատշաճ օգտագործումը և սահմանել իրավական հստակություն՝ բոլոր պետական և հասարակական մակարդակներում։
Կառավարության որոշման մասին տեղեկացնելու համար ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդիվ կատարված աշխատանքները և մանրամասն ներկայացրել օրհներգի կատարման նոր կարգը։
Համաձայն նախարարի հայտարարության՝ կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ ՀՀ օրհներգի կենդանի կատարումը։ Սա նշանակում է, որ ցանկացած պետական կառույցի կողմից կազմակերպվող միջոցառումների ժամանակ, հատկապես արարողակարգային միջոցառումների դեպքում, պետք է նախապես ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը՝ նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ բացառապես երգչախմբային տարբերակներով։
Կարգավորվում են նաև այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների կողմից կազմակերպվող հանդիսավոր միջոցառումների սկզբում։ Այս դեպքերում, թեև կենդանի կատարումը նույնպես դիտարկվում է որպես նախընտրելի տարբերակ, ձայնագրությունների կիրառության դեպքում պարտադիր է օգտագործել միայն պետական ստանդարտով հաստատված և պաշտոնական կայքում հասանելի ձայնագրությունը։
Նախարարը նաև անդրադարձել է ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգին՝ նշելով, որ օրենքով արդեն իսկ սահմանված է պահանջը, ըստ որի՝ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին պետք է հնչի ՀՀ օրհներգը։ Նոր կարգը հստակեցնում է, որ այս կատարումը պետք է լինի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ՝ ներգրավելով բոլոր ներկա անձանց։ Այս նախաձեռնության նպատակն է, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը՝ օրհներգը, դառնա երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը՝ որպես պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորման կարևոր քայլ։ Նա ընդգծել է միջոցառումներին օրհներգի կենդանի կատարման անհրաժեշտությունը՝ նշելով, որ գերատեսչություններ, որոնք ունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, պետք է դրանք օգտագործեն։ Իսկ այլ կառույցների դեպքում պետական ստանդարտով սահմանված ձայնագրությունը պետք է միացվի՝ արգելելով օգտագործել այլ տարբերակներ։