Skip to content

ՀայՕր

Menu
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Menu

Ժողովրդավարական բևեռը դատապարտում է Ադրբեջանի պաշտոնական այցը Հայաստան

Posted on April 30, 2026

Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության ֆոնին, Ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) խստորեն դատապարտում է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։

Այս այցը տեղի է ունենում Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բարբարոսական ավերումից ընդամենը օրեր անց։ Սրբավայրի ոչնչացումը հանդիսանում է Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականության դրսևորում, որը շարունակություն է ստանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանից սկիզբ առած և հատկապես 2023 թվականին Արցախի էթնիկ զտումից հետո առավել սրված հակահայկական քաղաքականության։

Այս իրադարձությունը նաև հանդիսանում է Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կոպտագույն խախտում։ Ըստ Միջազգային արդարադատության դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ՝ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով, Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայ մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների վանդալիզմն ու սրբապղծությունը՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում։ Վերոնշյալ որոշումը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածի, ենթակա է պարտադիր կատարման։

Ադրբեջանի կողմից Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի ավերումը 2026 թվականին հանդիսանում է նշված պարտավորությունների ուղղակի և շարունակական խախտում։ Խոսքը ոչ թե քաղաքական կամ դիվանագիտական տարաձայնության, այլ միջազգային իրավունքի տեսանկյունից գնահատվող իրավախախտման մասին է։

Բացի այդ, Ադրբեջանը խախտում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում գործող՝ 1954 թ. Հաագայի կոնվենցիան մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև 1972 թ. Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության կոնվենցիան։

Նման պայմաններում հանցագործ վարքագծով պետության բարձրաստիճան պաշտոնյայի գլխավորած պատվիրակության ընդունումը Հայաստանում կարող է ընկալվել որպես անտեսում սեփական պետականության և ինքնիշխանության նկատմամբ, ինչպես նաև որպես Միջազգային արդարադատության դատարանի որոշումների արժեզրկում։

ԱԺԲ-ն դիմում է Հայ Առաքելական եկեղեցուն և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ շարունակել հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստագրումը և ապահովել այդ նյութերի ներկայացումը միջազգային համապատասխան կառույցներին, այդ թվում՝ Միջազգային արդարադատության դատարանին, ՅՈՒՆԵՍԿՕ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին։

ԱԺԲ-ն կոչ է անում նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ հիշել, որ 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները նաև արժեքային ընտրություն են․ ո՞վ է պատրաստ հետևողականորեն պաշտպանել Հայ Առաքելական ժառանգությունը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակային ոչնչացման պայմաններում, և ո՞վ է պատրաստ անտեսել այդ իրողությունները։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ապրիլի 29-ին այցելել է Հայաստան և մասնակցել հայ-ադրբեջանական սահմանագծման հանձնաժողովի 130-րդ հանդիպմանը։ Ապրիլի 21-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հողին է հավասարեցրել Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարը։ Օրեր առաջ հայտնի էր դարձել նաև թշնամու կողմից Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման մասին։ Արցախում մշակութային ցեղասպանությունը տեղի է ունենում, այսպես կոչված, քաղաքակիրթ միջազգային հանրության լուռ խրախուսման ֆոնին։

©2026 ՀայՕր | Design: Newspaperly WordPress Theme